Կատուներն ունեն բարեկազմ մկանուտ մարմին, ուժեղ զարգացած կարճ ոտքեր (առջևինները՝ հնգամատ, հետևինները՝ քառամատ): Ճանկերը ներքաշված մագիլներով են, խոշոր, կեռված: Գլուխը կլորավուն է, պոչը` երկար: Կա նաև կարճապոչ կատուների ցեղ: Մազածածկը կարճ է, իսկ բարձրլեռնային, հյուսիսային տեսակներինը՝ խավոտ: Տեսողությունը և լսողությունը լավ են զարգացած, հոտառությունը համեմատաբար թույլ է:
Կատուներն ընտելացվել են շուրջ 5000 տարի առաջ: Ընտանի կատվի նախահայրը լիբիական կատուն է: Հայտնի է ժամանակակից կատուների մոտ 80 ցեղ. երկարամազ պարսկական կատու՝ մեծ կլորավուն գլխով, վեր ցցված քթով, թագավորական կատու՝ երկար նուրբ կազմվածքով և ալիքաձև, ասես ծալքավոր մորթով, Ման կղզու անպոչ կատու, սիբիրական կատու՝ խոշոր ու փափկամազ, անգորական կատու՝ նուրբ ու փարթամ մազածածկով, սիամական կատու՝ հարդավարդագույն երանգով, մուգ բծերով ու երկնագույն աչքերով: Բոլոր ընտանի կատուներն իրենց վայրի ցեղակիցների (եղեգնակատու, լուսան, հովազ, վագր և այլն) նման որսի են դուրս գալիս մթնշաղին և գիշերով: Սնվում են մանր կաթնասուններով, թռչուններով, սողուններով, ձկներով, միջատներով: Չնայած կատուն երկար տարիներ ապրել է մարդու կողքին, բայց իր վայրի սովորությունները չի կորցրել. նա գաղտագողի մոտենում է զոհին, ճանկերը հավաքելով բարձիկների մեջ՝ անսպասելի հարձակվում է և ճանկերը խրում նրա մարմնի մեջ:
Ընտանի կատուները մաքրասեր են. նրանց բնական պահանջները բավարարելու համար անհրաժեշտ է բնակարանում մշտական տեղ հատկացնել` դնել չոր ավազով կամ թեփով լցված արկղ, որի պարունակությունը հաճախակի պետք է փոխել: Այդ «բնում» էլ կատուն ծնում է 1–7 ձագ, որոնք ծնվում են փակ աչքերով (բացվում են 7–10 օրականում) և սնվում են մոր կաթով: Ընտանի կատուները հիմնականում տալիս են 2, երբեմն՝ 4 սերունդ: Ընտանի կատուները հիվանդանում են վարակիչ հիվանդություններով, որոնցից մարդու համար վտանգավոր են կատաղությունը, քոսը, խուզող որքինը, գոնջը և այլն: Ուստի կատուներին խնամելիս և նրանց հետ խաղալիս հարկավոր է խստորեն հետևել սանիտարահիգիենային կանոններին: Կատվի հետ նույն անկողնում քնել չի կարելի: Խնամքի բացակայության պայմաններում ընտանի կատուները վայրենանում են:
Իսկ Հայաստանում կատուների սիրահարներ շատ են և կատու ասելով միանգամից պատկերացնում ենք փոքրիկ փափկամազիկ,որ նստած է տատիկի կողքին,գլուխը դրել է նրա տաքուկ հողաթափիկներին ու գույնզգույն թելի կծիկներով են խաղում...
Պատկերացնում եմ կատուների համար ինչ է տոն է լինելու....Կանեն ինչ ուզում են,կուտեն ինչ ուզում են,կխաղան այնքան,ինչքան կուզեն և ում հետ կուզեն...Անկեղծ ասած ես կատուներ չեմ սիրում,բայց կատուների սիրահարներին ու տերերին շնորհավորում եմ իրենց փոքրիկ <<ավազակների>> տոնի կապակցությամբ...:) :)