Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Բուն Բարեկենդանը, որը նախորդում է քառասնօրյա Մեծ պահքին: Մեծ պահքի Բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան՝ Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տևում՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը: Բարիկենդանը ավելի մեծ շուքով է նշվել, քան Ամանորը, որովհետև Բարեկենդանի տոնը երկրագործական նոր տարին սկսելու նախապատրաստական ծիսական արարողակարգ էր: Տոնի անունը հավանաբար առաջացել է «բարի կենդանություն» բառակապակցությունից:
Գարնանամուտի զարթոնք ապրող բնության գործընթացը աշխուժացնելուն են միտված բոլոր հմայական խաղերն ու տոնածիսական ճաշերի պատրաստումը: Բարեկենդանը խրախճանքի և զվարճանքի տոն է՝ առատ սեղաններով: Այս օրը ուտեստների մեջ նախապատվելի են առատ մսով, յուղով, կաթնեղենով ուտելիքները: Այս տոնին սեղաններին էին դրվում նաև գաթա ու հալվա: Երեկոյան կաթնապուր ու մածուն էին ուտում, վրայից խաշած ձու: Համաձայն քրիստոնեկան վարդապետության՝ Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որ մարդը երբևէ դրախտում եղել և ճաշակել է բոլոր պտուղները: Բարեկենդանին որոշ ազատություններ էին վայելում անգամ հոգևորականները, այդ պատճառով էլ տոնը հայտնի է նաև Աբեղաթող անվամբ: Այս օրը եկեղեցիներում պատարագը մատուցվում է միայն վարագուրված խորանի հետևում: Բարեկենդանն իսկակական ժողովրդական տոն էր: Այս օրերին հայոց համայնքաներում իսկական «խոսքի ազատություն էր»: Բոլորն ասում էին այն, ինչ կամենում էին, քանի որ Բարեկենդանին նեղանալ չէր կարելի: Հաշտվում էին խռովները:
Ցերեկը տանը կերուխումից հետո, երեկոյան համայնքը հավաքվում էր գյուղամիջում, խարույկի շուրջ և սկսվում էր ժողովրդական տոնախմբությունը: Ընտրում են ավագ, որին կոչում են թագավոր, նստեցնում են պատրաստած «գահին ու իրենց ուսերին պտտեցնում գյուղի փողոցներում»: Բոլորն անխտիր մասնակցում են զվարճանքին: Վերջում համընդհանուր զոհաբերություն է կատարվում, համայնքի բնակիչները գյուղի հրապարակում սեղան են բացում ու դարձյալ կերուխում է սկսվում, իսկ վերջում տուն գնալուց առաջ տոնախմբության մասնակիցները մեկական ձու էին ուտում: Ձվով փակում էին բերանը, որպեսզի Մեծ պահքից հետո դարձյալ ձվով բացեն: Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր՝ Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ: Ժողովրդական սովորության համաձայն՝ Մեծ Պահքի կիսվելու` Միջինքի օրը, բաղարջից պահոց գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ են դնում: Սովորության համաձայն՝ բաժին հասնող մետաղադրամը հաջողություն է բերում:
Մեծ Պահքի շրջանում վաղնջական կանոններով արգելված են եղել պսակադրությունները և մատաղը: Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի շաբաթ և կիրակի օրերին, բացառապես Ավագ շաբաթվա բոլոր օրերի: